Առկա տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները որոշել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ բացառությամբ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ արցախյան պատերազմի հերոս Սասուն Միքայելյանի: Այդ մասին նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, իշխանություններն այդկերպ կփորձեն խուսափել Եվրոպայի Խորհրդի պատժամիջոցներից: «Վարչախումբը վերջին շրջանում խուճապի ակնհայտ նշաններ է ցուցադրում: Այդ թվում, մասնավորապես, քրեական շրջանակների միջոցով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումներ գործադրելով, իշխանությունը նպատակ ունի լռեցնել «Հայկական ժամանակ» թերթը:

«Այսօր ավելի քան 50 ոստիկաններ հարձակվել են մեր երիտասարդ ակտիվիստների վրա: Խուճապի պատճառն այն է եղել, որ իշխանությունները հրաշալի հասկանում են՝ ժողովրդի ատելությունը հասնում է ծայրահեղ նշագծի, իսկ միջազգային հանրության ճնշումն աճում է»,- ասել է Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործիչը նկատել է, որ մինչեւ հունվարին կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջան Հայաստան են ժամանելու կազմակերպության համազեկուցողներն եւ մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Թոմաս Համերբերգը: Հենց այդ այցերի նախաշեմին, ըստ Զուրաբյանի, կարող են ազատ արձակվել ընդդիմադիրները: Լեւոն Զուրաբյանն ընդգծել է, որ ընդդիմության խնդիրն է այս պահին շարունակել ակտիվ պայքարը անխտիր բոլոր քաղբանտարկյալների ազատման համար:

Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խոսել է «Հայաստանի իշխանությունների եւ միջազգային մակարդակի վերջին քրեական սկանդալների հետ ուղիղ կապի» մասին: Արամ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի վերաբերյալ հայտնի տեսանյութին, որտեղ վերջինս պնդում էր, որ «Հայաստանի նախագահը խնդրել է իրեն շեշտադրում չանել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա, քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններ են ընթանում»:

«Հանրապետության» առաջնորդն իր ելույթում նաեւ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունների հակաժողովրդական քաղաքականության հետեւանքով, իշխանության լեգիտիմության բացակայության պատճառով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացքում ծայրահեղ անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել:

«Դա սուբյեկտիվորեն նշանակում է, որ ներկա իշխանությունների ժամանակն սպառվում է եւ գալիս է երկրում անխուսափելի փոփոխությունների ժամանակը»,- ամփոփել է Արամ Սարգսյանը: