Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի 8 աշխատակից է ժամանել Հայաստան:
«ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի որեւէ գործակալ Հայաստան չի ժամանել:
Հայկական մամուլում տպագրված այդօրինակ լուրերի անհեթեթության մասին փաստել էր ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հետ դեռեւս հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ ՀԴԲ-ի որեւէ աշխատակից Հայաստան չի ժամանել: Ինչ վերաբերում է Ք.Դոնովանին, ապա հարկ ենք համարում պարզաբանել, որ Ք.Դոնովանը տարածաշրջանում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչն է եւ նրա հիմնական նստավայրը Թբիլիսին է»,- մանրամասնել են գլխավոր դատախազությունից:
Հաղորդագրության մեջ նշված է, որ «որեւէ երկրի իրավապահ մարմնի աշխատակից չի կարող որեւէ այլ երկրի տարածքում իրականացնել որեւէ քննչական գործողություն՝ առանց տվյալ երկրի իրավապահ մարմինների նախնական համաձայնությունը ստանալու: Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահները նախկինում եւս համագործակցել են կոնկրետ քրեական գործերով միմյանց ցուցաբերելով իրակավան օգնություն: Եվ դիտարկվող քրեական գործը բացառություն չէ. Կլինի իրավական փոխօգնության հարցում՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի: Առ այս պահը նման խնդրանք չի ստացվել»:




























