Մալայզիան հայաստանին չի համարում թմրանյութի տարանցիկ երկիր: Այս մասին, ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ասված է Մալայզիայի իշխանությունների ՀՀ ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական պատասխանում: Իսկ նման հստակեցման անհրաժեշտություն էր առաջացել այն բանից հետո, երբ Մալայզիայի ՆԳ փոխնախարար Աբու Սեման Յուսուպը մեղադրել էր Հայաստանին թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու մեջ:
«Աբու Սեման Յուսուպը ոչ մի դեպքում նկատի չի ունեցել, որ Հայաստանը թմրանյութերի փոխադրման համար տարանցիկ երկիր է: Մալայզիան բարձր է գնահատում այդ չարիքի դեմ պայքարում Հայաստանի հետ համագործակցությունը»,- ասված է Մալայզիայի իշխանությունների մեկնաբանությունում:
Ավելի վաղ Իսրայելի Haaretz թերթը` հղում անելով Մալայզիայի Ներքին գործերի փոխնախարար Աբու Սեման Յուսուպին, հայտնել էր, որ վերջին ժամանակներս Մալայզիայում ավելացել է թմրանյութերի վաճառքի համար կալանավորված իրանցիների թիվը: Իբր, Մալայզիա թմրանյութեր բերում են օդային ճանապարհով` Դուբայից, Հայաստանից, Կոլումբիայից, Դոհիից:




























