Թուրքական «Գայլերի հովիտ» սերիալի նոր մարտաֆիլմի պրեմիերան կկայանա 2011-ի հունվարին: «Գայլերի հովիտ-Պաղեստին» ֆիլմը «պատմում է» 2010-ի մայիսի 31-ին տեղի ունեցած դեպքերի մասին, երբ Իսրայելի հատուկ ջոկատայինները գրավեցին Գազայի հատված ուղեւորվող «Ազատության նավատորմը»:

Ֆիլմի գլխավոր հերոսները թուրք «ջեմսբոնդերի» խումբն է, ովքեր այցելում են Իսրայել, որպեսզի գտնեն եւ պատժեն «Մավի Մարմարա» նավը գրավման պատասխանատուներին:

Կինոնկարում ցուցադրվում է, թե ինչպես են իսրայելցի զինվորները կրակում անզեն մարդկանց վրա, թիկունքից սպանում փախչող ուղեւորներին եւ գերիներին: 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելի ռազմածովային ուժերը ձերբակալել են «Ազատության նավատորմի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների արդյունքում թուրքական Mavi Marmara նավում զոհվել է 9 հոգի: Իսրայելը հայտարարում է, որ իր հատուկ ջոկատայիններն ուղղակի ինքնապաշտպանության են դիմել, քանի որ թուրք ակտիվիստները զենք էին տեղափոխում եւ առաջինն են հարձակվել իսրայելցի զինվորների վրա: