Մարտի 1-ին խորհրդարանը 2-րդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց ՏՏ ընկերությունների նոր արտոնությունների մասին կառավարության օրինագիծը: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղում պետական աջակցության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը ընդունվեց 87 կողմ ձայներով, 1 պատգամավոր ձեռնպահ մնաց:
Եթե նախկինում տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղում սկսնակ ընկերությունները (ստարտափ) 3 տարով էին հարկային արտոնություններ ստանում, ապա հիմա՝ 5 տարով: Օրենքը սկսել է գործել 2015 թվականից եւ մինչեւ 30 աշխատակից ունեցող սկսնակ ՏՏ ընկերություններին ազատում է մեծ թվով հարկերից: Նրանք պետք է վճարեն միայն 10 տոկոս եկամտահարկ: Օրենքի գործողության ընթացքում հարկային արտոնություններ են ստացել 178 ստարտափեր, որոնք 865 աշխատատեղ են ստեղծել:
Համեմատության համար՝ 2014-ին, երբ օրենքը դեռեւս ուժի մեջ չէր մտել, Հայաստանում ստեղծվել է 16 ՏՏ ստարտափ: Այսպիսով, նոր օրենքի շնորհիվ 4-5 անգամ ավելի շատ ստարտափեր են ստեղծվել:
Նշված 178 ստարտափերի ընդհանուր շրջանառությունը կազմում է 3 մլրդ 993 մլն դրամ (մոտ 8,2 մլն դոլար), որի 90 տոկոսն արտահանմանն է բաժին ընկել: Ձեռնարկությունները վճարել են 158,4 մլն դրամի եկամտահարկ:
Եվս մեկ փոփոխության համաձայն՝ հարկային արտոնությունների կարող են հավակնել նաեւ այն ստարտափերը, որոնք «կողքից» բացում են գործող ընկերությունների աշխատակիցները:




























