Այնպիս զենքի առիկայությունը, ինչպիսին «Իսկանդերներն» են, մեր տարածաշրջանում ուժերի ռազմաքաղական հավասարակշռության մեջ միանշանակ կայունացնող դեր են կատարում: Այա մասին «Газета.ru» պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ եւ ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ», ցավոք, ուժը միակ ներգործուն մեխանիզմն է մեր տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու համար»,- նշել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար Ռուսաստանը շատ կարեւոր եւ ծանրակշիռ դեր է խաղում»: «Հակապես նրա ջանքերի եւ անմիջական մասնակցության շնորհիվ է 1994 թվականին խաղաղություն հաստատվել եւ Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հրադադարի հաստատման համաձայնագիր կնքվել: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության ընթացքում Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին եւ, ինչպես մյուս համախաագահող երկրները, հավատարիմ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կառուցողական մոտեցմանը:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձեւաչափը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ, եւ, ինչպես արդեն նշեցի, Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյաց եւ ագրեսիվ գործողություններից, որոնք խափանում են բանակցային գործընթացը, տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Ի պատասխան այն հարցին, թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ երբեւէ խաղաղություն հնարավո՞ր է, Սահակյանը նշել է. «Գիտեք, ես եւ Արցախի ամբողջ ժողովուրդը ոչ միայն հակամարտության սկիզբն ենք հիշում, այլեւ մինչեւ հիմա ապրում ենք այն իրադրության պայմաններում, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Բայց ես, այնուամենայվիվ, համոզված եմ, որ ժողովուրդների միջեւ խաղաղությունը հնարավոր է: Դա պարզապես այլընտրանք չունի: Մենք հանդես չենք գալիս ագրեսիվ, շովինիստական եւ ռազմատենչ հայտարարություններով, եւ մենք նման քաղաքականություն չենք վարում: Մինչդեռ, պաշտոնական Բաքուն, ցավոք, իրեն ճիշտ հակառակ ձեւով է պահում: Ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների համընդհանուր կարգավորման ճանապարհին հենց Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է միակ խոչընդոտը»: