Հայաստանին հետաքրքրում է տուրիզմի ոլորտում Վրաստանի փորձը, իրենց հետաքրքրում է Հայաստանի փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մարտի 1-ին՝ խորհրդարանում կառավարական ժամին այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
Մեկնաբանելով Թբիլիսի կատարած այցի արդյունքները եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումը՝ Կարապետյանը նշեց, որ երկու երկրները ոչ մի հարցում անհաղթահարելի հակասություններ եւ խոչընդոտներ չունեն: Ավելին՝ կողմերը ցանկանում են քննարկել, թե միջազգային ասպարեզում ինչպես հանդես գան միասնական ճակատով:
Հայաստանը պատրաստ է վրացական բիզնեսին աջակցություն առաջարկել Իրան եւ Եվրասիական միություն դուրս գալու համար: Այս հարցում հատկապես կարող են օգնել ազատ տնտեսական գոտիները, հավելեց նա:
«Մենք խոսել ենք փորձի փոխանակման մասին եւ չենք թաքցրել, որ ցանկանում ենք ուսումնասիրել տուրիզմի ոլորտում վրացի գործընկերների փորձը: Նրանք չեն թաքցրել իրենց հետաքրքրվածությունը մեր ՏՏ փորձի նկատմամբ: Դրանից բացի, մենք ցանկանում ենք ծրագրեր իրականացնել մեր երիտասարդությանը մտերմացնելու համար, քանի որ այս հարցը բավական արդիական է: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում մեր նախարարը Վրաստան կայցելի եւ այդ հարցերը կքննարկի»,- հայտարարեց վարչապետը:



























