ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրիշիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ չեզոք գոտում ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրս բերման հումանիտար գործողության կապակցությամբ։

«Կողմերի խնդրանքով փետրվարի 27-ին ականապատված չեզոք գոտում իրականացվել է ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման հումանիտար գործողությունը, իմ օգնականները ամբողջովին մոբիլիզացվել են այդ գործողությանն աջակցելու համար։

Մեր ներկայության նպատակն էր անվտանգության երաշխիքների ճանապարհով կողմերի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խիստ պահպանումն ապահովելը, նաեւ երաշխավորելը, որ գործողությունն իրականացվելու է կողմերի համաձայնությամբ։ Ես կցանկանայի շեշտել, որ տեղի հրամանատարները տեղերում, նաեւ ռազմական իշխանությունների ներկայացուցիչները հետեւողական աջակցություն են ցուցաբերել իմ գրասենյակին։ Նրանց աջակցությամբ, նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայությամբ գործողությունը հաջողությամբ ավարտվել է օրվա երկրորդ կեսին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել էր զոհեր եւ վիրավորներ: Մի քանի դիակ մնացել էր չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չի ունեցել: