Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Էդիկ Ավետսիսյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 10-ին, բավարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը՝ Իսպանիայի քաղաքացի Խոսե Սանչեսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: (Խոսե Սանչեսի նկատմամբ կիրառվել է ՀՀ ՔՕ 268 հոդվածը` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն):  

Հիշեցնենք, որ Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին նոյեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները բերման էին ենթարկել Մարզահամերգային համալիրի մոտից: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իտալիայի ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն` Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երեւան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էր մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել էր փորձաքննության:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի