Google-ը դադարեցնում է Chromebook Pixel նոթբուքերի արտադրությունը: Այս մասին հայտնել է ընկերության ավագ փոխնախագահ Ռիկ Օսթերլոն Բարսելոնում Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Pixel ապրանքանիշը ներկայումս օգտագործվում է Google ընկերության սմարթֆոնների նոր հավաքածուի համար, որոնք շուկայում մեծ հաջողությամբ են իրացվում, չնայած պահանջարկի մեծության պատճառով մատակարարումների դանդաղմանը:
Խոսքը, սակայն, Chrome օպերացիոն համակարգի մշակման դադարեցման մասին չէ: «Chrome օպերացիոն համակարգը ընկերության մեծ նախաձեռնությունն է: Google-ը նոթբուքերից չի հրաժարվում: Մենք շուկայի մասնաբաժնով երկրորդ տեղում ենք ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, սակայն Google-ի ֆիրմային նոթբուքերի ծրագրեր չունենք»,- ասել է Օսթերլոն:
Pixel-ը կոչված էր ցուցադրելու, թե ինչ տեսք պետք է ունենա պրեմիում Chromebook-ը, եւ երբեք չի նախատեսվել զանգվածային արտադրության համար: Քչերը հանուն նոթբուքի պատրաստ կլինեին հրաժարվել 1299 դոլարից, որը թույլ է տալիս գործարկել միայն Chrome բրաուզերը, երբ 2013-ին այն թողարկվել է: Միեւնույն ժամանակ դա սենսորային էկրանով առաջին Chromebook-ն էր: Այն նաեւ առաջին սարքն էր, որը ցույց էր տալիս, որ Google-ը կարող է հորիզոնական ինտեգրված սարքեր արտադրել, որոնք ընդունակ են մրցակցելու Apple-ի նման ընկերությունների հետ:




























