Միջին Արեւելքի երկրներ շրջագայության դուրս եկած ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու,  Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին Անկարայում հայտարարել է, թե հայկական բանաձեւի հարցում Թուրքիայի գործերը այս տարի ավելի դժվար կլինեն՝ ակնարկելով, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ եւ Իրանի հարցում հետեւել ԱՄՆ-ի դիրքորոշմանը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Քերրին նշել է, թե ինքը Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հետ կապված կփորձի հետ համոզել այն սենատորներին, ովքեր արգելափակել են դեսպանի նշանակումը, սակայն եթե չստացվի, նոր անուն է ներկայացվելու:

Քերրին անդրադարձել է Իսրայելի հետ Թուրքիայի լարված հարաբերություններին՝ նշելով, թե Թուրքիայի վարչապետի տեսակետները հարգում է, սակայն հավատում է, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել։ «Տարածաշրջանում անհրաժեշտ է կայունություն եւ խաղաղություն։ Իսրայելը այդ գործընթացի մի մասը պետք է կազմի։ Լարվածությունը ոչ ոքի օգտին չէ։ Ցանկանում ենք Իրանի հարցում ձեր օգնությունն ստանալ։ Իրանը պետք էԱրեւմուտքի հետ ավելի պատասխանատու երկխոսություն ստեղծի»,-նշել է Ջոն Քերրին: