Հայաստանի կառավարությունն աշխատում է այնքան, որքան կարողանում է. եթե մարդու պոտենցիալը ճոխ չէ, նա ավելին անել չի կարող։ Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը։
«Ճիշտ է, Կառավարության աշխատանքը չեմ գահատում այնպես, ինչպես կուզենայի կամ մտածում եմ։ Չի կարելի ելնել միայն այն հանգամանքից, որ ես կոալիցիոն գործիչ եմ եւ այնպես չէ, որ ասեմ՝ ամեն ինչ շատ լավ է։ Չեմ կարող ամրագրել, որ մեզ մոտ կառավարման բարձր մակարդակ կա»,- անկեղծացավ Բոստանջյանը։
Անդրադառնալով 2011 թվականի բյուջեի թեմային՝ նա նկատեց, որ այն կազմում է մոտ 1 տրիլիոն դրամ։ «Մեր պետության համար բազմաթիվ գերակայություններ եւ չլուծված խնդիրներ կան, որոնց համար 1 տրիլիոնը բավարար չի կարող համարվել։ Սակայն մենք ավելի հնարավորություններ չունենք։ 2011-ի բյուջեն ընդհանուր առմամբ կարելի է ռեսուրսների հավաքագրման բյուջե համարել»,- ասաց Բոստանջյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ 2011-ի բյուջեի նախագծում հարկային մուտքերը կազմում են 650 մլրդ դրամ, ընդհանուր մուտքերը՝ 850 մլն դրամ, դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամ։ «Մենք այնքան էլ ճոխ վիճակում չենք գտնվում։ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղվել է 272 մլրդ դրամ, ընդհանուր առմամբ բյուջեի 1/4 մասը տրամադրվում է սոցիալական ոլորտին»,- տեղեկացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։
Ի պատասխան այս դիտարկումների՝ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը նկատեց, որ 2011-ի պետբյուջեն «ոչնչով ոչնչից չտարբերվող փաստաթուղթ է: Փաստաթուղթ, որի հիմնական խնդիրն արտաքին փոխառությունները, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային վարչարարությունն են լինելու։ Վարչարարություներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, չպաշտպանված դաշտում գործող ձեռնարկատերերին»,- կարծիք հայտնեց Արսենյանը։
Բոստանջյանն իր հերթին նկատեց, որ մաքսային եւ հարկային վարչարարության բարեփոխումները չեն ծառայում իրենց նպատակին։ «Տնտեսվարող սուբյեկտները Հայաստանում գտնվում են ոչ ցանկալի պայմաններում»,- ամփոփեց նա։





























