«Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին պատրաստակամություն է հայտնել համագործակցել եւ աջակցել Հայաստանի ԱԻՆ-ին տեղեկատվական եւ թվային անվտանգության հարցերում:
Այս մասին նա նշել է այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Տոնոյանն ու Ե.Կասպերսկին եղան ՀՀ ԱԻՆ-ում տեղակայված կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնում եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: Հյուրին ներկայացվեցին ՃԿԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունը, գործունեությունն ու հիմնական գործառույթները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նոր համագործակցության մեկնարկը ՀՀ ԱԻՆ-ի, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության եւ «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի միջեւ: Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծեց Արտակարգ իրավիճակների նախարարության կիբերանվտանգության ու ենթակառուցվածքների ֆիզիկական պաշտպանվածության հարցերի կարեւորությունը, քանի որ արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը թվային սարքավորումների հագեցվածությամբ եւ տեղեկատվական հոսքերի կառավարմամբ հանրապետությունում առաջիններից է:
Բարձր գնահատելով ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները՝ Ե. Կասպերսկին պատրաստակամություն հայտնեց համագործակցել եւ աջակցել նախարարության տեղեկատվական եւ թվային անվտանգության հարցերում: Քննարկվեցին նաեւ համապատասխան մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման հարցերը:




























