ԿԽՄԿ-ի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն օրերս այցելել են Արսեն Բաղդասարյանին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Արցախում Կարմիր Խաչի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ ռազմագերուն եւ նրան հնարավորություն ընձեռել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել հարազատների հետ: ԿԽՄԿ-ն այցելում է բանտարկյալներին՝ նրանց պահման պայմանները դիտարկելու, հարազատների հետ կապ պահելու հնարավորություն ընձեռելու համար»,- նշեց Էթերի Մուսայելյանը:
Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: Դրանից մեկուկես ամիս անց Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են դիվերսիայի եւ սպանության մեջ՝ փորձելով նրան որպես «դիվերսիոն խմբի անդամ» ներկայացնել: Դրանից հետո Արսեն Բաղդասարյանը 15 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել:




























