Հայաստանի պարտքը ներկայումս 4,3 մլրդ դոլար է, որից 3,7 մլրդ դոլարը՝ արտաքին պարտք, ինչն, իհարկե, մեր երկրի համար մեծ թիվ է։ Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:

«Ուզում եմ հույս հայտնել, որ թեկուզ 3,7 մլրդ դոլար արտաքին պարտքի պարագայում, սպասարկում տեղի կունենա։ Մենք պետք է հիշենք, որ ճգնաժամ ենք ապրել։ Ճգնաժամի հետեւանքների համար Հայաստանն այլընտրանք չուներ, եզակի ճանապարհը պարտք վերցնելն էր»,- նկատեց Բոստանջյանը։ Նրա գնահագմամբ, «դեֆիցիտ» կամ «պարտք» ինստիտուտները, եթե դրանք ռացիոնալ օգտագործվեն, ոչ մի խնդիր չեն առաջացնի։ «Կան երկրներ, որոնք մշտապես գտնվում են «պարտք» ռեժիմում, ինչը, սակայն, օգտագործում են ի բարօրություն իրենց պետության։ Կարծում եմ՝ մի օր մենք էլ կհասնենք այն մակարդակին, որ հասկականք, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործենք վերցված պարտքը»,- հույս հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը նկատեց. «Իհարկե, արտաքին պարտքի սպասարկման առումով Հայաստանը խնդիրներ չունի։ Բայց պետք է փաստենք, որ այս իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվեց։ Իսկ այդ փողերը մեր երեխաները պետք է վերադարձնեն։ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք 800 դոլարի չափով պարտք ունի, որի մասին անգամ տեղյակ էլ չէ։ Այդ պարտքը վերցնելիս պետությունն իր քաղաքացիներին դրա մասին տեղյակ չի պահել, ոչինչ չի հարցրել։ Ժողովրդի անունից վերցված փողերն անօգուտ մխսվել են։ Իսկ հասարակությունը տեղեկացված չէ, որ պետությունն իր անունից պարտքեր է վերցնում»:

Սրան ի պատասխան՝ Բոստանջյանն ասաց. «Ամեն ինչը տոչնի ա։ Հիմա որ դա տենց ա, ինչ կարող ենք ասել։ Ինչքան էլ ուզենանք ծածկել դա, չենք կարող»: