«Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում մարտի 9-10-ը Լոնդոնում տեղի կունենան ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների եւ գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումներ՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։

Ծրագիրը հանրությանը ներկայացնելու նպատակով այսօր տեղի ունեցավ  հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը,  Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՏՏ  ոլորտի  մասնագետներ։

Կարեւորելով նման միջոցառումների անցկացումը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշեց, որ այն լայն հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակներն ու գործարար կապերն ընդլայնելու համար։ Նա հույս հայտնեց, որ նման ձեւաչափով միջոցառումները շարունակական կլինեն եւ կանցկացվեն ոչ միայն Բրիտանիայում, այլեւ Հայաստանում:

 «Արդյունքում կծնվեն համատեղ ծրագրեր, որոնք կարեւոր են ոչ միայն բիզնեսի զարգացման, այլեւ՝ երկու երկրների մշակույթների փոխանակման տեսանկյունից:  Համոզված եմ, որ 17 ընկերությունները լավագույնս կներկայացնեն Հայաստանի ՏՏ ոլորտը։  Վստահ եմ նաեւ, որ կան թաքնված ռեսուրսներ, որոնք այս միջոցառման շրջանակներից բխող արդյունքներում կբացվեն »,- ասաց նախարարի տեղակալը:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշեց, որ  տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ ունի մեծ մասնաբաժին։ Նա ընդգծեց, որ Երեւանում բրիտանական  դեսպանատան գերակայություններից մեկը Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ տնտեսական, առեւտրային կապերի ավելի սերտ եւ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնումն է:

Լոնդոնում կայանալիք «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» բիզնես միջոցառումը բաղկացած է լինելու երկու հիմնական մասից՝ Հայաստանի եւ հայկական ՏՏ ընկերությունների մասին շնորհանդեսից եւ հայկական ՏՏ ընկերությունների ու բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ անհատական հանդիպումներից: