Չիլիում աստղադիտակը «պրոֆիլից» լուսանկարել է գալակտիկան։ Պարուրաձեւ գալակտիկայի գեղեցիկ պատկերը հրապարակել է Եվրոպական հարավային աստղադիտարանը։ Լուսանկարում չեն երեւում պարույրի բնորոշ ճյուղերը, քանի որ գալակտիկան պատկերված է կողքից։ Լուսանկարի «հեղինակն», այսպես կոչված, «Շատ մեծ աստղադիտակն» է, որը տեղադրված է Չիլիում՝ Պարանալյան աստղադիտարանում, հաղորդում է NTDTV–ն։
NGC 1055 գալակտիկան գտնվում է «Հարդագողի ճանապարհից» մոտ 55 մլն լուսային տարի հեռավորությամբ՝ Կետի համաստեղությունում։ Դրա տրամագիծը 15 տոկոսով ավելին է, քան մեր գալակտիկայինը։
Այդ լուսանկարը գիտնականներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել պարուրաձեւ գալակտիկայի ծավալուն ձեւի մասին։
Բացի այդ, պրոֆիլում ավելի լավ է երեւում գալակտիկական հարթությունից հեռացված նյութի կառուցվածքը։
Այդ գալակտիկայում նաեւ նկատելի է սկավառակի հարթության ուղղահայաց թեքում։ Այն մի փոքր կորացած տեսք ունի։ Աստղագետների կարծիքով՝ դա պայմանավորված է մեկ այլ, մերձակայքում գտնվող գալակտիկայի փոխազդեցությամբ։











