Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 10-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ` մասնակցելու Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER) տարեկան համաժողովի աշխատանքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի ընթացքում նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Եվրոպական ռեգիոնների ասամբլեային: Փոխվարչապետը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Համաժողովին Հայաստանի մասնակցության եւ Հայաստանի` կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ պայմանավորվածության էր ձեռք բերվել ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի` սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում: Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն եւ հանդես է գալիս որպես եվրոպական երկրների ռեգիոնների միջեւ համագործակցության, փորձի փոխանակման հարթակ:
Այցի շրջանակում նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Գեւորգյանը կայցելի նաեւ Պոլսի Հայոց պատրիարքարան, Ստամբուլի Սբ Փրկիչ հայկական հիվանդանոց, համայնքային այլ հաստատություններ:





























