Իրանից կերոսինի ներմուծումը սահմանների վրա ձգձգվել է միայն ցածր որակի պատճառով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, մեկնաբանելով ընդդիմության վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի նավթամթերքների շուկա չեն թողնում մտնել այն ընկերություններին, որոնք իշխանությունների համար անցանկալի են։ Օրերս նման հայտարարությամբ վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով «Արագգ» ԲԲԸ-ն արդեն մոտ մի ամիս է չի կարողանում մաքսազերծել մոտ 460 տոննա կերոսին։
Ազարյանը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն գործում են ԵՏՄ-ի նավթամթերքների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը, որոնց համաձայն խստորեն սահմանափակվում է ծծմբի պարունակությունը։
Իրանում գործող չափորոշիչներով, ծծմբի պարունակությունը թույլատրելի է 3-4 հազար ppm սահմանում։ Իսկ ԵՏՄ-ում՝ ընդամենը 10 ppm, այսինքն 300-400 անգամ քիչ։ ԵՏՄ-ում նման խիստ նորմերը փոխառված են Եվրոպայից, հավելել է նա։
«Երբ ես այդ մասին ասում եմ իմ իրանցի գործընկերոջը, նա ասում է՝ մենք փակ տնտեսություն ենք ունեցել, դրա համար էլ զտման նոր մեթոդների համար ներդրումները չեն բավականացրել։
Այսինքն Իրանի պաշտոնական ներկայացուցիչը ինքն է բացատրել, թե որն է խնդիրը։ Ահա եւ վերջ, քաղաքականացնելու բան այստեղ չկա։ Իրանցի գործընկերներին մենք հասկանում ենք, բայց բենզինի մեջ ծծումբը քաղցկեղածին է։
Այլ բան է, որ մեր բիզնեսը պետք է հասկանար՝ կանոնները փոխվում են։ Իսկ նրանք ասում են՝ թողեք իմ ապրանքը ու վերջ։ Բայց ինչպե՞ս։ Իսկ այդ դեպքում մեր երեխաները ինչո՞վ շնչեն։
Դրա համար էլ ապրանքը կանգնեցրել են մաքսատանը՝ միայն ստանդարտին չհամապատասխանելու համար։ Անալիզների արդյունքների նկատմամբ կասկածներ չկան՝ մենք դրանք վերստուգել ենք հարեւան երկրներում, անկախ եզրակացության համար։ Պարզապես կա ստանդարտ, այն պետք է պահպանել»։




























