Հարուստ ավանդույթները, լավ աշխատուժը եւ պետության աջակցությունը Հայաստանին թույլ են տալիս տեխնոլոգիաների զարգացմամբ առաջավոր երկիր դառնալ, ինչն իր հերթին երաշխավորում է ներդրումների ներգրավումը: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը: Նա հայկական ՏՏ հատվածն անչափ հուսալի է համարում:
«Դուք արդեն որոշակի հաջողությունների եք հասել, սակայն չբացահայտված ահռելի պոտենցիալ ունեք: Լոնդոնում բրիտանացի ձեռնարկատերերի հետ առաջիկա հանդիպումը կոոչված է այդ գործընթացն արագացնելուն: Ձեր տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտն ակտիվորեն աճում է եւ երկրի տնտեսության մեջ զգալի մասնաբաժին ունի»,- ասաց նա:
Մեր հարցին՝ բիզնեսի նկատմամբ մոտեցումը երկու երկրներում տարբերվո՞ւմ է, դեսպանը պատասխանեց. «Անկասկած, մենք տարբեր համակարգերի ենք հետեւում եւ առաջնորդվում ենք սեփական փորձով ու օրենսդրությամբ: Սակայն, երբ խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղին է վերաբերում, ապա 2 երկրներում էլ այն ինովացիոն է, ենթարկվում է ամբողջ աշխարհում ընդունված ընդհանուր կանոններին: Չեմ կարծում, որ շատ ժամանակ եւ ուժ պետք լինի, որպեսզի հայկական եւ բրիտանական ընկերություններն ընդհանուր լեզու գտնեն: Ես հստակ հավատում եմ այս նախաձեռնության հաջողությանը»:
Նա ընդգծեց, որ Լոնդոնում առաջիկա հանդիպումը քաղաքավարական այց չէ կամ ծանոթանալու միջոցառում, ո՛չ, այն կոնկրետ ուղղված է կապերի հաստատմանը եւ համաձայնությունների հասնելուն: Հենց դրա համար շնորհանդեսներից հետո հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին կհրավիրեն համագործակցության հեռանկարները քննարկելու, պայմանագրեր կնքելու եւ աջակցության համար, որը կազմակերպիչները կարող են ցույց տալ գործընկերային երկարաժամկետ հարաբերությունների զարգացման գործընթացում:
Նշենք, որ նախկինում Հայաստան են այցելել բրիտանացի լրագրողներ, որոնք հայկական ՏՏ ոլորտի մասին հադվածաշար են ներկայացրել: Հիմա ընտրված 17 ընկերություններ կուղեւորվեն Լոնդոն պոտենցիալ գործընկերների հետ, ավելի քան 70 բրիտանական ըկերություններ, անմիջական հանդիպումներ անցկացնելու համար:




























