Պարզվում է Playboy ամսագիրը վնասով է աշխատում: Playboy Enterprises Inc. ընկերությունն ամփոփել է երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որից պարզ է դարձել, որ ընկերությունը  հաշվետու եռամսյակում կրել է 27,4 մլն դոլարի զուտ վնաս: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 25 անգամ: Նշենք, որ 2009 թվականի երրրորդ եռամսյակի արդյունքներով Հյու Հեֆների ընկերությունը կրել էր 1,1 մլն դոլարի վնաս: Հաշվետու ժամանակահատվածում Playboy-ի հասույթը կրճատվել է 7 տոկոսով եւ կազմել 52,1 մլն դոլար:

Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով Playboy-ի կրած զուտ վնասը տարեկան կտրվածքով աճել է 43,8 տոկոսով եւ կազմել 33,8 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մտադիր է իր ձեռքում կենտրոնացնել ամսագրի ողջ ղեկավարման գործընթացը: Իր այս որոշանը հասնելու նպատակով Հյու Հեֆները դիմել էր ամսագրի մյուս բաժնետերերին` վերջիններիս առաջարկելով իրեն վաճառել իրենց մասնաբաժինները: Playboy Enterprises ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի դրմաց Հյու Հեֆները պատրաստակամություն էր հայտնել վճարել 5,5 դոլար: Առաջարկվող գումարը շուրջ 40 տոկոսով գերազանցում է ընկերության բաժնետոմսերի շուկայական գինը:

84-ամյա Հյու Հեֆները Playboy Enterprises ընկերությունը հիմնադրել է 1953 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը Playboy ամսագրի հրատարակությունն է, դրանից բացի ընկերությունը ունի նաեւ համանուն հեռուստաալիք եւ ինտերնետային կայք: Playboy-ն, անկասկած, համարվում է աշխարհի ամենահայտնի ապրանքային նշաններից մեկը: Հաղորդում է B24-ը: