Uber-ը հատուկ ծրագիր է օգտագործում, որը թույլ է տալիս պատվերներ չընդունել պաշտոնյաներից, ոստիկաններից եւ իշխանության այլ ներկայացւցիչներից այն քաղաքներում, որտեղ ընկերության գործունեությունն արգելված է կամ նրա նկատմամբ հետաքննություն է տարվում, հաղորդում է  BBC-ն:

Uber տաքիս ծառայությունն արդեն մի քանի տարի է օգտագործում է  Greyball համակարգը, որը հավաքում է հաճախորդների անձնական տվյալներն ու վերլուծում դրանք: Ընկերությունում պնդում են, որ ծրագիրն օգնում է պայքարել անբարեխիղճ հաճախորդների դեմ, որոնք խախտում են ծառայություններ մատուցելու օրենքները:

Greyball-ը տեղեկություն է հավաքում ինչպես Uber-ի հավելվածից, այնպես էլ այլ աղբյուրներից: Մասնավորապես` ծրագիրը վերլուծում է հասցեները` առանձնացնելով շրջանները, որտեղ վարչական շինություններ են առկա: Հետո Uber-ի աշխատակիցները վերլուծում են, թե ինչ կերպ են օգտագործում հավելվածն այդ շրջանում գտնվող մարդիկ: Եթե մարդը բացում եւ փակում է հավելվածը, ապա նա Greyball –ի կողմից համարվում է որպես իշխանությունների հետ ենթադրաբար կապ ունեցեղ: Ծրագիրը նաեւ վերլուծում է  հաճախորդների կրեդիտ քարտերի տվյալները` նման կերպ հայտնաբերելով պետական կառույցների աշխատակիցների քարտերը:

Արդյունքում, եթե Greyball-ը որոշում է, որ տվյալ մարդը կապ ունի իշխանությունների հետ, Uber-ի հավելվածը ցույց է տալիս, որ ներկա պահին ազատ մեքենաներ չկան կամ էլ հավելվածի հիմնական էկրանը փոխարինում է կեղծ էկրանով: