Բրիտանական IT շուկա հայկական ընկերությունների ինտեգրումը որոշակի ռիսկեր է պարունակում: NEWS.a-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել BSC բիզնեսի աջակցության կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը` Մեծ Բրիտանիայի բիզնես ենթակառույցների հետ հայկական 17 IT ընկերությունների հանդիպման նախօրեին:
«Մառախլապատ Ալբիոնի շուկան պահպանողական է, այն հակված է արդեն ձեւավորված կապերին, իր բիզնես մոդելին: Բացի այդ, մենք քիչ ենք տեղեկացված դրա մասին, պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանն ավելի կենտրոնացված է ամերիկյան շուկայի վրա: Այդ պատճառով էլ գոյություն ունեն որոշ բիզնես ռիսկեր` իրավական, խորհրդատվական: Կարող են բարդություններ առաջանալ շփման կետեր գտնելու հարցում, բայց այդ ամենը ժամանակի հարց է: Բարդ է նշել հստակ ժամկետները, խոսքը կարող է լինել մեկ շաբաթվա, ամսվա, տարվա մասին` ամեն ինչ կախված է ընկերություններից, բայց նախադրյալները լավն են», - նշել է նա:
Այն հարցին` արդյոք մենք կարող ենք որեւէ բան առաջարկել, որը չկա բրիտանական շուկայում, Սամվել Գեւորգյանը պատասխանել է, որ արտասահման դուրս տարված բոլոր արտադրանքներին կարելի է նայել երկու տեսանկյունից` դրանք կան եւ չկան: Իհարկե, նմանատիպ լուծումներ գոյություն ունեն, սակայն մեր ընկերությունների գլխավոր գործոնն այն է, որ նրանք հակված են առաջնային տեխնոլոգիաներին ու ինովացիոն մոտեցումներին:
Հիշեցնենք, որ մարտի 9-10-ը Լոնդոնում «Հայ-բրիտանական IT նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, տեղի կունենա հայկական 17 IT ընկերությունների հանդիպումը բրիտանացի ձեռնարկատերերի հետ, որի նպատակն է հետագա համագործակցության համար պայմանագրեր կնքելը:



























