Դերասան Հրանտ Թոխատյանն էլ կմիանար անազատության մեջ գտնվող, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պաշտպանությանը նվիրված նստացույցին, եթե ներկայացումները չխանգարեին։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Հրանտ Թոխատյանն ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նա նույնպես մասնակցում է «Հաց բերողի» պաշտպանությանը նվիրված այսօրվա երթին։
«Ազատության հրապարակում նստացույց անող երեխաները իրենց ժամանակի, առողջության հաշվին էստեղ նստում են եւ պայքարում ՀՀ ապագայի համար, հիմա մեծահասակները պիտի համախմբվեն եւ այս երիտասարդների կողքին լինեն, նրանք այն երիտասարդներն են, որ Ֆեյսբուքում չեն պայքարում, դուրս են եկել փողոց եւ պայքարում են»,-ասել է Հրանտ Թոխատյանը։ Նա նշել է, որ ամեն կերպ աջակցելու է երիտասարդներին եւ ինքն էլ կմիանար նստացույցին, սակայն ներկայացումների պատճառով չի կարող։
Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ ակտիվիստ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց եւ երթ են իրականացնում՝ ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։
Ի դեպ, Շահեն Հարությունյանը նշել է, որ ինքը խոսել է Արթուր Սարգսյանի եղբոր հետ եւ տեղեկացել, որ նրա առողջական վիճակն ավելի է վատթարացել, արյունահոսություն է սկսվել։











