«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ոչ թե սովորական նախընտրական ծրագիր է ներկայացնում, այլ ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ՀԱԿ-ի գրասենյակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս նշել է դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Տարիներ շարունակ իշխանությունները մատուցել են մի պրոպագանդա, թե իբր ղարաբաղյան հարցը լուծված է, մեր անվտանգությունն ապահովված է, բայց անցել է 18 տարի, եւ այդ բոլոր հեքիաթները փուչիկի նման տրաքում են: Մեր քարոզարշավի նպատակը ոչ թե ժողովրդի մոտ միավորներ ձեռք բերելն է, այլ ճշմարտությունը տեղ հասցնելը»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, իրենք գալիս են խաղաղություն հաստատելու ծրագրով եւ վստահ են, որ Հայաստանը պետք է վերածել լրիվ ուրիշ տիպի պետության. «Մենք պետք է դուրս գանք ստեղծված իրավիճակից, երբ երկիրը խեղդվում է շջափակումներից, հակամարտություններից, որը զրկված է զարգանալու բոլոր հնարավորություններից: Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Ղարաբաղի խնդիրը այնպես, որ ապահովվի եւ Լեռնային Ղարաբաղի, եւ Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաեւ ապահովվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ծրագիրը Մադրիդյան սկզբունքների հիման վրա հիմնված Մինսկի խմբի համանախագահների ծրագիրն է, որը 2007 թվականին ընդունվել է ՀՀ իշխանությունների կողմից: Ընդամենը պետք է փութաջան դիվանագիտական ջանքերով հասնել այդ ծրագրի իրականացմանը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները նաեւ Թուրքիայի հետ առանց այն պատմաբանների հանձնաժողովի, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը:

«Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելուց,  մեր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելուց հետո կբացվեն բոլոր ճանապարհները, բոլոր կոմունիկացիոն ուղիները, կկարողանանք զարգացնել առեւտուրը, կընդգրկվենք տարածաշրջանի տնտեսական բոլոր խոշոր նախագծերի մեջ: Մենք նաեւ շատ լավ հասկանում ենք, որ թեեւ հակամարտության կարգավորման խնդիրն ամենակարեւորն է, բայց դա բավարար չէ երկիրը նորմալ  վիճակի բերելու համար: Բացի այս խաղաղության ծրագրից, մենք նաեւ ներկայացնում ենք, թե ինչ կանենք օրինակելի պետական մոդել կայացնելու համար եւ ինչ կանենք, որ ՀՀ-ում ստեղծվեն զարգացման բոլոր նպաստավոր պայմանները»,- վստահություն հայտնեց Լեւոն Զուրաբյանը: