Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի կապակցությամբ ստեղծվել է համապատասխան նախագծային գրասենյակ, որը մշակում է համապատասխան տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 10-ին տեղեկացրեց «Հարավակովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:

«Այսօր Ռուսաստանն ու Հայաստանն աջակցում են այս ծրագրին եւ կարծում եմ, որ սա շատ լուրջ ծրագիր է: Բայց այն իրականացնելու համար ժամանակ է պետք»,- ասաց Շայդուլինը՝ նշելով, որ հիմնավորումները կարեւոր են ներդրումներ ներգրավելու համար: Նա նշեց նաեւ, որ ՀԿԵՈՒ-ն այսօր հնարավորություն ունի ոչ միայն հետեւելու երկաթգծերի վիճակին, այլեւ կառուցելու նորը: «Եթե մենք կառուցենք Ֆիոլետովո-Վանաձոր երկաթգիծը, կապացուցենք, որ երկաթուղի կառուցել գիտենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Իրան-Հայաստանը ոչ միայն կարեւոր է Հայաստանի, այլեւ ՏՐԱՍԵԿԱ-ի համար: