Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Twitter սոցիալական ցանցում իր էջն է բացել, թեեւ ինքն անձամբ եղել է Իրանում սոցիալական ցանցն արգելելու ջատագովը։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը։

Իր առաջին թվիթը քաղաքական գործիչը գրել է անգլերեն, ապա հրապարակել տեսանյութ, որն ապացուցում է, որ տվյալ էջը իրական է։

Տեսանյութում նա կոչ է արել մարդկանց սկսել կարդալ իր էջը՝ @Ahmadinejad1956։

Ահմադինեժադը նշել է, որ ինքը «ամուսին է, հայր, պապիկ, համալսարանի պրոֆեսոր, նախագահ, քաղաքապետ, Իրանի հպարտ քաղաքացի»։

Թեեւ Twitter-ն արգելափակված է Իրանի քաղաքացիների համար, սակայն շատ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ, ներառյալ երկրի նախագահ Հասան Ռոհանին եւ ԱԳ նախարար Մոկամադ Զարիֆը, պարբերաբար նոր թվիթներ են հրապարակում։

Սոցիալական ցանցի օգտատերերը հիշեցրել են Ահմադինեժադին, որ հենց իր վերընտրության դեմ 2009-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով Twitter-ը արգելափակվեց Իրանի տարածքում։