Փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի եւ Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի եւ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել, մասնավորապես, մարտին Նովրուզի ժամանակ սպասվող ուղեւորների եւ ավտոմեքենաների մեծ հոսքերի որակյալ սպասարկմանն ուղղված քայլերին: Երկկողմ հանդիպմանը գործընկերները քննարկել են նաեւ Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցներից գանձվող վճարների եւ Իրան ուղեւորվող մարդատար մեքենաների վճարներին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու վերաբերյալ:

Նշենք, որ ՊԵԿ-ի եւ ԻԻՀ մաքսային ծառայության միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջեւ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի եւ Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջեւ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել: