Նոյեմբերի 10-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Սինոփսիս Արմենիա»-ի Երեւանի գիտաարտադրական կենտրոնում ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանին պատվո հատուկ մրցանակ հանձնեց `Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության եւ հաջողված բիզնես իրականացման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Կորպորատիվ գերազանցության 2010 թ. ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունում «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը ճանաչել է լավագույն 12 ընկերություններից մեկը` Հայաստանում իրականացրած գործունեության համար: Այս 12 ամերիկյան ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից:

Դեսպան Յովանովիչը նշեց, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն առաջադրվել է այս մրցանակին՝ որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման մի ընկերություն, որը խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ եւ Հայաստանում գործունեություն է ծավալում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ ` տնկելով հարյուրավոր ծառեր:

«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ «Սինոփսիս»-ում շատ ոգեշնչված էին, երբ իմացան, որ «Սինոփսիս Արմենիա»-ն ԱՄՆ Կառավարության կողմից ճանաչվել է Կորպորատիվ  գերազանցության մրցանակաբաշխության 12 լավագույն ընկերություններից մեկը: Այս բարձր մակարդակի ճանաչումը մեզ համար մեծ պատիվ է եւ հստակ ապացույց այն ամենի, ինչ մենք իրականացնում ենք Հայաստանում` Հայաստանի համար: Մենք հիրավի հպարտ ենք մեր կողմից իրականացվող եզակի գործունեության համար»,- ասաց Հ. Մուսայելյանը` ավելացնելով, որ  մրցանակը շատ կարեւոր է ոչ միայն «Սինոփսիս»-ի եւ նրա  հայաստանյան մասնաճյուղի, այլ նաեւ Հայաստանի համար` որպես ՏՏ ոլորտում լուրջ հավակնություններ ունեցող երկրի:  

Տեղեկացնենք, որ մրցանակակիրների շարքում են «Ալտա Վենչըրսը» Մեքսիկայում, «Սիսկոն»՝ Իսրայելում, «Կոկա-Կոլան»՝ Սվազիլենդում, «Դենիմաթրիքսը»՝ Գվատեմալայում, «Ֆիջի Ուոթերը»՝ Ֆիջիում, «Ջի Ին»՝ Հնդկաստանում, «Ինթելը»՝ Կոստա Ռիկայում, «Մարս Ինք.-ը»՝ Գանայում, «ՊեպսիԿոն»՝ Հնդկաստանում, «Քուալկոմը»՝ Չինաստանում եւ «Թանգ Էներջին»՝ Չինաստանում:

Պետքարտուղարի կողմից կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը եւ ժողովրդավարական սկզբունքները: