Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները Հայաստան վերադառնալուց հետո որեւէ հետապնդման չեն ենթարկվելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական պետական կառույցների տարածած տեղեկությունները, թե հայ ռազմագերիները չեն ցանկանում վերադառնալ Հայաստան:
«Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացված են, որ Հայաստան վերադառնալուց հետո հայ ռազմագերիները որեւէ հետապնդման չեն ենթարկվելու: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ռազմագերիները վերադառնալուց հետո ենթարկվում են քրեական պատասխանատվության, Հայաստանում նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»,- նշեց Կարապետյանը:
Իսկ երրորդ երկիր տեղափոխվելու կապակցությամբ Կարապետյանն ասաց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ ցանկության դեպքում նրանք կարող են երրորդ երկիր տեղափոխվել Հայաստանից:
Նշենք, որ Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել էր, թե Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են մեկնել երրորդ երկիր: Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի իշխանություններն այդ կապակցությամբ պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չեն ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերիներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:





























