Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս հեռու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի քանի առանցքային ուղղություններում համաձայնության հասնելուց: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Այս մասին են վկայում բազմամյա շփումների արդյունքները, որոնց շնորհիվ հաջողվել է կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ըմբռնում մշակել: Դա առաջին հերթին ե՛ւ անվտանգության հարցերն են, ե՛ւ հումանիտար հարցերը, այն շրջանները վերադարձնելու հարցերը, որոնք հիմա գտնվում են Ղարաբաղի շուրջը եւ Ադրբեջանի կողմից չեն վերահսկվում: Դա նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն է՝ անկասկած այնտեղ բնակվող մարդկանց հաշվի առնելով: Դա նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի չափանիշների համաձայնեցումն է»,- ասել է Լավրովը:
Այս ուղղությունների մեծ մասով «մենք համաձայնության ենք հասել», նշել է նա:
«Սակայն 2-3 կոնկրետ թեմաները, որոնք վերջնական փաթեթի համար առանցքային են, դեռեւս չեն քննարվում: Չեմ ստի՝ մենք դեռեւս հեռու ենք այն իրավիճակից, երբ կողմերը այդ ուղղություններով միասնական մոտեցում կմշակեն»,- ասել է նախարարը:
Լավրովի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2-3 առանցքային հարցերը, որոնց մասին այսօր խոսվել է Մոսկվայում ընթացած բանակցությունների ընթացքում, դեռեւս լրացուցիչ ջանքեր են պահանջում:



























