ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը 58 տարեկան է եւ, լինելով գեներալ-գնդապետ, կարող է ՀՀ զինված ուժերում իր ծառայությունը շարունակել առնվազն մինչեւ 65 տարեկանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, դրանով հերքելով այն տեղեկությունը, թե Յուրի Խաչատուրովը եւ մի շարք այլ զինվորականներ հատել են իրենց սահմանային տարիքը եւ ապօրինի են պաշտոնավարում:

Ինչ վերաբերում է նրան, որ գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը եւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարկիսյանը առանց պայմանագրի աշխատավարձ են ստանում, Դավիթ Կարապետյանն ասել է. «Գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը եւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարկիսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում որեւէ պաշտոն չեն զբաղեցնում: Հաշվի առնելով զինվորական ծառայության մեծ փորձը, անհրաժեշտության դեպքում նրանք խորհրդատվական-փորձագիտական աջակցություն են ցուցաբերում` առանց որեւէ պայմանագրի եւ աշխատավարձի»:

Հիշեցնենք, որ այսօր «Առավոտը» գրել էր, որ իր տեղեկություններով, առաջիկա օրերին աշխատանքից կազատվեն ՊՆ մի շարք գեներալներ:

Մասնավորապես, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը, ով գեներալ-մայորների ծառայության համար սահմանային՝ 65 տարին լրանալու հիմքով սպառել է զինվորական ծառայության մեջ գտնվելու եւ ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնելու բոլոր օրինական հնարավորությունները:

Թերթին հասած տեղեկություններով, սահմանային տարիքը լրանացել է նաեւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի (ՀՀ նախագահի ռազմական տեսչության պետի 1-ին տեղեակալ), գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական), գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարկիսյանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական) մոտ: «Գուրգեն Դալիբալթայանը եւ Մուրազ Սարկիսյանը զինվորական հաստիքներ են զբաղեցնում եւ առանց պայմանագրի աշխատավարձ են ստանում: Չնայած չի բացառվում, որ պայմանագիր նույնպես ունենանան, ինչը նույնպես բացահայտ ապօրինություն է»,- գրել է «Առավոտը»: