Իրանը ցանկություն ունի տարբեր ոլորտներում խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին, մարտի 6-ին, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Մասուդ Սոլթանիֆարին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Սոլթանիֆարը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ պատմական եւ մշակութային ընդհանրություններն ու առկա բարիդրացիական հարաբերությունները, ընդգծեց իրանական կողմի ցանկությունը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն առավել խորացանելու ուղղությամբ:

Դեսպան Թումանյանը եւս անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը՝ նշելով մաշակույթի, հումանիտար ոլորտի եւ, մասնավորապես, սպորտի ու երիտասարդության հարցերի նկատմամբ հետեւողական պետական քաղաքականության իրականացման առաջնահերթությունը:

Քննարկվեցին սպորտի ոլորտի տարբեր ֆեդերացիաների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ համատեղ մրցույթների, ուսումնամարզական միջոցառումների կազմակերպման եւ առաջատար փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ սպորտի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: