Հաջորդ տարվա հունվարի 1-ից կսկսի գործել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» օրենքը։ Այսինքն՝ ցանկացած ավտոմոբիլային պատահարի դեպքում, տուժած քաղաքացիներն ապահովագրական ընկերությունից հատուցում ստանալու իրավունք կստանան։

Սակայն կյանքը ցույց է տալիս, որ սույն օրենքը ունի լուրջ թերություններ։

Օրինակ՝ անցյալ շաբաթ Պռոշյան փողոցում տեղի ունեցավ ավտովթար, որի պատճառով տուժեցին 4 անմեղ քաղաքացիներ, որ կանգնած էին կանգառում։ Նրանցից երկուսը մահացան, երկուսը ստացան ծանր մարմնական վնասվածքներ։ Ենթադրենք՝ այդ դեպքը, Աստված չանի իհարկե, տեղի է ունենում հունվարի 1-ից հետո, եւ տուժածները պետք է ստանան փոխհատուցում։

Ըստ օրենքի՝  յուրաքանչյուր պատահարի դեպքում փոխհատուցման առավելագույն գումարը 9 մլն դրամ է (24.6 հազար դոլար), իսկ յուրաքանչյուր քաղաքացու մասով՝ 3 մլն դրամ (8,2 հազար դոլար)։ Սակայն Պռոշյան փողոցի պատահարում տուժել էր 4 մարդ, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրը առավելագույնը կարող է ստանալ 2,25 մլն դրամ (6,1 հազար դոլար)։ Եթե տուժածները 3-ը լինեին՝ փոխհատուցումն ավելի մեծ կլիներ՝ 3-ական մլն դրամ (8,2 հազար դոլար)։ Ստացվում է՝ որքան դեպքը ծանր է, որքան տուժածները շատ են՝ այնքան փոխհատուցման գումարը նվազում է։ Արդյոք, սա արդարացի՞ մոտեցում է։