Հայաստանի սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի շրջանակներում արդեն հաջորդ տարվա ամռանը նախատեսվում է կյանքի կոչել նաեւ «Արի բանակ» ծրագիրը. Պաշտպանության նախարարության հետ այս հարցի շուրջ արդեն իսկ կոնկրետ աշխատանքներ են տարվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը։
Նրա խոսքով, այս ծրագրի մտահղացումն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ առաջացել է դեռ հոկտեմբերի վերջին, «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլով Հայաստանում գտնվող երեխաների հետ քննարկումների արդյունքում։ «Այն ժամանակ նախարարն ու մի խումբ հայ երիտասարդներ հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Երիտասարդներն իրենք են ասել Պնախարարին, որ ցանկություն ունեն ապրել բանակային կյանքով։ Հենց այդտեղից էլ գաղափար է առաջացել նման ծրագիր անել։ Նախատեսվում է, որ Սփյուռքում ապրող հայ երիտասարդները Հայաստանում տեղակայված որեւէ զորամասում մի երկու շաբաթ ծառայություն կանցնեն, բանակային կյանքով կապրեն։ Սա կլինի առաջին քայլը, որպեսզի ժամանակավոր ծառայությունը նրանց իսկ ցանկությամբ հետագայում փոխարինվի սահմանված ժամկետներով զինծառայության։ Հատկանշական է, որ փորձնական ծառայություն կարող են անցնել ինչպես տղաներն, այնպես էլ` աղջիկները։ Մտահղացմամբ ոգեւորված են հատկապես Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հայ երիտասարդները։ Նրանք ուզում են իմանալ, թե ի՞նչ է հայկական բանակը, ի՞նչ առանձնահատկություներ ունի։ Իսկ երբ որոշեն դառնալ ՀՀ քաղաքացի, ապա նրանց հնարավորություն կընձեռվի իրենց ծառայությունն օրինականորեն կազմակերպել հայկական զինված ուժերում»,- նշեց Մխիթարյանը։
Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետի հավաստմամբ, մտահղացմանը դրական արձագանքած Պաշտպանության նախարարությունը հայրենիքում ծառայելու պատրաստակամություն հայտնած երիտասարդներին պատրաստ է ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով եւ պայմաններով։ «Քանի որ մտահղացումը կիրականացվի «Արի տուն» ծրագրի շրջանակներում, ապա երիտասարդների կեցության որոշ հարցեր կշարունակի հոգալ մեր նախարարությունը, որոշ հարցեր, ամենայն հավանականությամբ, ՊՆ-ն»,- պարզաբանեց Ատոմ Մխիթարյանը՝ միաժամանակ դժվարանալով նշել, թե մտահղացման կյանքի կոչելու համար որքան ֆինասնավորում կպահանջվի։
Նշենք, որ թեեւ ծրագիրը կոչվում է «Արի տուն» սակայն այն չի ենթադրում հայերի հայրենիք վերադարձ: Այդ ծրագրով ամեն ամառ հայ երիտասարդներ են այցելում Հայաստան մի քանի օրով, ապա կրկին վերադառնում տուն` արտերկիր: Իր էությամբ, այդ ծրագիրն, ավելի շուտ «Արի հյուր» ծրագիր է, քան` «Արի տուն»:




























