Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, եւ պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Այս տեսանկյունից կուզենայի հատուկ ընդգծել Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսման եւ պաշտպանության բարձրացման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքը։ Այսպես, իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսված է օրենսդրորեն ամրագրել ազգային եւ առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, գործարարներին հնարավորություն տալ օգտվելու Հայաստանում գործող եւ ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման առավել կատարելագործված մեխանիզմներից։
Ստեղծվում են իրավական հիմքեր պետություն-մասնավոր հատված գործընկերության հնարավորությունների ընդլայնման համար։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ շարունակաբար կրճատվում եւ պարզեցվում են համապատասխան ընթացակարգերը, այդ թվում՝ հարկային եւ մաքսային ոլորտներում։
Լուրջ քայլեր են արվում արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման ուղղությամբ: Մեր կողմից մշակված ռազմավարությունը շեշտադրում է արտահանման ավելացումը, քանզի այն կարող է լինել հետագա կայուն տնտեսական աճի շարժիչ ուժը:
Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի սահմանափակ ներքին շուկան ընդլայնելու ուղղությամբ: Երկու տարի է, ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները գրեթե մինչեւ համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը: Այն ստեղծել է տարողունակ, շուրջ 170 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների։
Օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի հետ ազդարարեցինք Եվրոպական միության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Նոր իրավական փաստաթղթում տնտեսական բաղադրիչի առկայությունը ոչ միայն հայ, այլ նաեւ եվրոպացի գործարարների համար տնտեսական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ է բացում: Ավելին, համաձայնագրով նախատեսվող հնարավորությունները ճիշտ եւ լիարժեք օգտագործելու պարագայում ԵՄ եւ ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է փոխադարձաբար ծառայեցվել միմյանց շահերին։
Իրանի հետ մեր ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունները եւ տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Հայաստանով է անցնում նաեւ Պարսից ծոցը սեւծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ եւ ամենաապահով տարանցիկ ուղին:
Համաժողովին ներկա այս ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն գործնականում կնպաստի մեր երկրների նոր հնարավորությունների բացահայտմանը եւ առկա համագործակցության ձեւաչափերի օգտագործման լավագույն բանաձեւի դուրսբերմանը։
Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում, իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները:
Մեր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն ավելի հանգամանալից կներկայացնի համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները, նա կառաջարկի նաեւ կոնկրետ ծրագրեր»:






























