Նոյեմբերի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների ստորաբաժանման ներկայացուցիչ Վոյցեհ Վիսոցկին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, Հայաստան-Եվրոպական Միություն դեկտեմբերին կայանալիք Մարդու իրավունքների երկխոսությանն ընդառաջ կայացած հանդիպմանը Լ. Զուրաբյանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, հավաքների ազատության, «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման խնդիրները:

Նշվել է նաեւ, որ այս հարցերը օրակարգում էին նաեւ անցած տարվա դեկտեմբերին Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության եւ Մարդու իրավունքների հարցով Հայաստան- ԵՄ երկխոսության առաքելության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը եւ ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն: