Google կորպորացիան վստահեցնում է, որ Android ու Chrome օպերացիոն համակարգերով սարքերի օգտատերերը պաշտպանված են շատ խոցելիություններից, որոնց մասին ասվում է WikiLeaks–ի հրապարակած նյութերում, հայտնում է «Ասոշիեյթիդ Փրես»-ը։

Google-ը նաեւ հայտնում է, որ դեռ վերլուծում են WikiLeaks –ի փաստաթղթերը ու ձեռնարկում բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի վաղ Apple ընկերությունը նույնպես հայտնել էր, որ արդեն վերացրել է բազմաթիվ խոցելիություններ, որոնց մասին խոսում էր WikiLeaks –ը՝ հրապարակելով ԿՀՎ փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը հրապարակել էր ԿՀՎ-ի արխիվային փաստաթղթեր, որոնցում նկարագրված էր այն մեթոդները, որոնցով հատուկ ծառայությունները կարողանում են մուտք գործել իրենց հետաքրքրող մարդկանց համակարգիչներ, հեռախոսներ ու հեռուստացույց։ Ըստ այդ հրապարակումների՝ հատուկ ծառայությունները գաղտնալսման համար գործածում են վիրուսներ, վնասակար ծրագրեր, որոնց դեմ դեռ պաշտպանական մեխանիզմներ մշակված չեն։

Լրատվամիջոցները նշում են, որ WikiLeaks –ի որոշ նյութերում հիշատակված է նաեւ, որ ԿՀՎ-ն կարողանում է Assassin եւ Medusa հաքերային ծրագրերի միջոցով կոտրել iPhone–ը, վերահսկել Microsoft կորպորացիայի համակարգիչները ու նույնիսկ օգտագործել Samsung հեռուստացույցները որպես բարձրախոս։