Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչության Արարատի բաժնի աշխատակիցները` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում հայտնաբերել են ատամնաբուժական ծառայություններ մատուցող չորս տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գործել են հարկային դաշտից դուրս` Արարատ եւ Վեդի քաղաքներում:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ 1,5 ամիս տեւած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դրամի վնաս:
Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժնի աշխատակիցները Գառնի գյուղում հայտնաբերել են ապօրինի առեւտրի կետ, իսկ Աբովյանում` գիշերային ակումբ: Ապօրինի ձեռնարկատիրությունը կազմակերպել էր մի դեպքում Աբովյանի բնակիչ Ա.Սահակյանը, մյուս դեպքում էլ` մայրաքաղաքի բնակիչ Լ.Վարդեւարյանը:
Նրանց նկատմամբ հաշվարկվել է հարկային պարտավորություն եւ ներկայացվել վարչական պատասխանատվության:
Մեկ այլ բացահայտում էլ կատարել են օպերատիվ հետախուզության վարչության Խորհրդայինի բաժնի աշխատակիցները` տարածքային հարկային տեսչության հետ համատեղ: Նոր Նորքի 9-րդ զանգվածում հայտնաբերվել է գյուղմթերքի տոնավաճառ: Պարզվել է, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը քաղաքացի Ս.Վարդանյանն է, ով առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի գործունեությունը ծավալել էր այս տարվա սեպտեմբերից: Նաեւ պարզ է դարձել, որ գյուղմթերք վաճառողները Վարդանյանին օրավարձ են վճարել:
Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Թաքցված հարկերի չափը ճշտվում է:





























