2012-ի խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է առանձին եւ չի միանալու որեւէ այլ քաղաքական ուժի: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը դաշինք կազմի որեւէ իշխանական ուժի, մասնավորապես ՀՀԿ-ի հետ:
«ՕԵԿ-ը շատ կազմակերպված քաղաքական ուժ է, ունի իր ծանրակշիռ դերը քաղաքականության մեջ եւ կարծում ենք, որ կունենանք մեր ծանրակշիռ տեղը խորհրդարանում»,-հայտարարեց Բիշարյանը, սակայն չհստակեցրեց, թե քանի՞ տոկոս ներկայության մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է 2013-ի նախագահական ընտրություններին, ապա, ըստ կոալիցիոն պայմանավորվածության, ընտրություններում ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնծությանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը սատարի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությանը նախագահական ընտրություներում, ՕԵԿ փոխնախագահը խուսափելով կոնկրետ պատասխան տալուց միայն նշեց, թե «եթե»-ներով եւ կանխատեսումներով չի զբաղվում եւ ժամանակի հետ ամեն բան պարզ կլինի:





























