Ջանքերը, որ այսօր գործադրում են ղարաբաղյան կարգավորման միջնորդները, առաջին հերթին առնչվում են խաղաղ գործընթացի եւ բուն կարգավորման ձեւաչափի պահպանմանը: Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
«Շփման գծում հրաձգության սկսումը ստատուս-քվոյի կոպիտ խախտում է: Նա ով նման խախտումների է դիմում, իսկ նախաձեռնությունն այստեղ պատկանում է Ադրբեջանին, լուրջ խնդիր, սպառնալիք է խաղաղության համար»,- ընդգծել է Զատուլինը:
Նա անհանգստություն է հայտնել, որ վերջին մի քանի ամիսներին լարվածություն է նկատվում, եւ, չնայած Մինսկի խմբի ջանքերին, սպառնալիքը մնում է: Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ նոր պատերազմով:
Զատուլինի խոսքով, ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա՝ ԼՂՀ շուրջ տարածքների զուգահեռ վերադարձմամբ:
Զատուլինն ասել է, որ ռազմական սպառնալիքը կախված է օդում, հիշեցնելով Ղարաբաղյան պատերազմի մասին. «Թե ինչի դա հանգեցրեց բոլորս գիտենք, եւ ես խորհուրդ եմ տալիս որեւէ մեկին չփորձել բախտը: Դեռ ոչ ոք չի համոզել, որ սպառազինությունների մեծ քանակությունը գերազանցություն կտա Ադրբեջանին»,- ասել է նա:





























