Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից կարելի է դրական առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նա ընդգծել է, թե գագաթաժողովից ակնկալիքները դրական են թեկուզ այն պատճառով, որ խաղաղ գործըթնացի այլընտրանքը ռազմական գործողություններն են, իսկ դա ոչ ոք չի ուզում:

Զատուլինը կարծում է, որ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումները համահունչ են: «Իհարկե, կարող են տարաձայնություններ լինել մոտեցումների հարցում, բայց մի բան հստակ է, որ ռազմական գործողությունները չեն բխում համանախագահների շահերից»,- ասել է Զատուլինը: