Ադրբեջանին որեւէ զիջում չի կարելի անել: Այս մասին մարտի10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա կարծիքով՝ վերջերս Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներկա իրադրությունում շատ ճիշտ էր: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը Բաքվի համար «սառը ցնցուղ» դարձավ: Նման վարքագիծ պետք էր դրսեւորել վաղուց, կարծում է նա: «Ինչու՞ մենք ժամանակին ստորագրեցինք Մադրիդյան սկզբունքների ներքո: Գոնե այժմ պետք է ուղղել այդ սխալը, քանի որ Ադրբեջանին ոչինչ տալ չի կարելի», -ընդգծել է Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ «Ֆրանս Փրես» պետական գործակալության հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Հայաստանում գերիշխող է կարծիքը, որ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի հարց է եւ որ Գերագույն հրամանատարն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն պատերազմի սկսվելուն թեկուզ վաղը: Չեմ կարծում, որ նոր պատերազմն անմիջական վտանգ է, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի, երբ գործ ունես անկանխատեսելի հարեւանի հետ»:




























