Կառավարությունն այսօր` նոյեմբերի 11-ին փոփոխություններ կատարեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում՝ մարզերի բնակիչների համար սահմանելով լրացուցիչ արտոնություններ։
Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ՝ այս ծրագրի շրջնակներում արդեն տրամադրվել է 1,1 մլրդ դրամի (մոտ 3 մլն դոլար) հիփոթեքային վարկ, 137 վարկառու օգտվել է դրանից։ Սակայն վարկերի հիմնական մասը տրվում է Երեւանում։ Այսպես՝ Երեւանում վարկ է վերցրել 99 երիտասարդ ընտանիք, մարզերում՝ 38։ Այս պատճառով կառավարությունը որոշեց մարզերի երիտասարդ ընտանիքներին խրախուսել։ Ծրագրում կկատարվեն հետեւյալ փոփոխությունները.
- կառավարությունը կսուբսիդավորի հիփոթեքային վարկը 4 տոկոսի չափով, ներկայիս՝ 2 տոկոսի փոխարեն։ Դրա շնորհիվ մարզերում հիփոթեքային վարկը փաստացի կկազմի 6,5-7 տոկոս։ Սա, ըստ Տ. Դավթյանի, միջազգային չափանիշներին համեմատելի տոկոսադրույք է:
- կանխավճարի չափը 30 տոկոսից կիջեցվի մինչեւ 10 տոկոս,
- գրավի առարկայից բացի բանկերը կընդունեն նաեւ խոշոր ընկերություններից տրված երաշխիքները։ Նման իրավունքով կօժտվեն հանրապետության 300 խոշոր հարկատուները,
- ծրագրից օգտվելու հնարավորություն կստանան նաեւ միայնակ մայրերը:




























