Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային իրավունքի նորմերին ՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ԽՍՀՄ օրենսդրությանը  համապատասխան: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝  հանդես գալով Երևանում  այսօր՝ մարտի 11-ին մեկնարկած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» թեմայով:

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի համար անվտանգության հասկացությունն անուղղակիորեն կապված է զուտ ֆիզիկական ռազմական անվտանգության խնդրի հետ:

«Հայաստանը շուրջ 29 տարի է ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործընթացում: Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին նրանց դեմ կիրառվեց կոշտ ռազմական ուժ, ագրեսիա, այն իրավունքի դեմ, որը ամրագրված էր միջազգային փաստաթղթերում, սովետական օրենսդրությամբ, որի համաձայն ամեն ժողովուրդ կարող էր որոշել իր ճակատագիրը, ինքնորոշվել: Ցավոք, սակայն, այս իրավունքի իրացման ճանապարհին դրանց հակադրվեց ռազմական կոշտ ուժ և Հայաստանը ներգրավվեց հակամարտության մեջ՝ դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝  չնայած սպառազինությունների եւ ժողովրդագրական պոտենցիալի տարբերությանը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը  կարողացել է պաշտպանել իր իրավունքը եւ հստակորեն կազմակերպել ներպետական կառավարումը, անցկացնել հանրաքվեներ, ընտրություններ, ստեղծել տնտեսական զարգացման, ժողովրդավարական ազատությունների  համակարգ եւ հասարակական կառուցվածք, որը նկատելիորեն տարբերվում է նրանից, ինչ ցանկանում են նրան առաջարկել կամ փաթաթել հարեւան Ադրբեջանից», -ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հիմնարար պետք է լինի 1994թ. հրադադարի համաձայնագրի լիակատար հարգումը, որը, ցավոք,  այսօր էլ շարունակում է խախտվել Ադրբեջանի կողմից՝ դիվերսիոն հարձակումների, կրակոցների միջոցով: «Դրանք դիվերսիաները, հրետանու պարբերաբար կիրառումներն են: «Հայաստանի Զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված են համարժեք պատասխան տալ, որպեսզի «տաք գլուխները» հովացվեն, շեշտվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»: