Այնտեղ, որտեղ կին-գործիչները եւ կին-պաշտոնյաները շատ են, այդ բնագավառում ավելի զուսպ եւ օրինական գործունեություն է ծավալվում։ Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակտ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Նրա խոսքով, այնտեղ, որտեղ  շատ են սկզբունքային եւ ասելիքը գործով ապացուցող կանայք, այդտեղ հասարակությանը հուզող հարցերն ավելի լավ են ներկայացվում։ «Եթե կառավարող շրջանակներում կանանց թիվը մեծ լինի, տվյալ բնագավառից սպաելիքներն ավելի մեծ կլինեն»,- համոզմունք հայտնեց Բախշյանը։

Ասուլիսին ներկա մյուս բանախոս, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր հերթին անդրադարձավ վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ խորհրդարանում կանանց ներգրավածության ցուցիչով Հայաստանը 108-րդ տեղում է, իսկ  գործադիր մարմնում կանանց ներկայացված լինելու թվով՝ 96-րդ տեղում։ «Հայաստանն ապրում է արական քաղաքական  մշակույթի միջավայրում, որտեղ կանանց եւ տղամարդկանց իրավունքները փաստացի կերպով հավասար չեն։ Մինչդեռ կանացի պոտենցիալն ու կարողություններն օգտագործող հասարակություները միայն շահում են։ Ես կողմ եմ հավասար հնարավորությունների ստեղծմանն ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչներ դեպքում։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բավարար չէ, ուր մնաց՝ կանանց իրավունքներն առանձին վերցրած։ Մենք հեռու ենք այդ կարգավիճակից»,- նկատեց ՀՅԴ պատգամավորը՝ ավելացնելով, որ միայն իրապես ժողովորդավար երկրներին է հասու այն գաղափարը, թե որքան կարեւոր է կանանց ներգրավածությունը կառավարող շրջանակներում։

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում կին-պատգամավորների իրավունքների պաշտպանվածության հարցին, ասուլիսի երկու մասնակիցներն էլ հավաստիացրեցին, որ աշխատավայրում իրենց հանդեպ որեւէ խտրականություն կամ ճնշումներ չեն զգում։ «Մեր խորհրդարանի տղամարդիկ այնքան խելամտություն ունեն, որ Ազգային ժողովի 12 կին պատգամավորների նկատմամբ ոտնձգություներ թույլ չտան»,- ասաց Անահիտ Բախշյանը։