Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հայուր կողմնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ: Արդեն գիշերը տեղական իշխանությունները հեծյալ ոստիկանությանը եւ ջրցան են կիրառել՝ բազմությանը ցրելու եւ հանրահավաքը դադարեցնել համոզելու համար: Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկաններ վրա քարեր եւ շշեր են նետել, փոխանցում է BBC-ն:
Ցուցարարները հյուպատոսության շենքի մոտ են հավաքվել այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները երկու թուրք նախարարների՝ նախ ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուին, ավելի ուշ ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթիմա Բեթյուլ Սայամ Քայեին թույլ չեն տվել հանդիպել Ռոտերդամում բնակվող հայրենակիցների հետ:
Թուրք քաղաքական գործիչներին ընտրողների հետ հանդիպելու արգելքի մասին որոշումներն ընդունվել են Նիդեռլանդների խորհրդարանի ընտրությունները մարտի 15-ին նշանակելուց առաջ, որոնց ընթացքում կարող է հաղթել Գերտա Վիլդերսի Ազատության կուսակցությունը, որը կոչ է անում «կանգնեցնել իսլամը» եւ «Հոլանդիան կրկին մեծ դարձնել»:
Չավուշօղլուն պատրաստվում էր Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին համոզել աջակցել երկրում Սահմանադրության փոփոխություններին, որոնք զգալիորեն ընդլայնում են նախագահի լիազորությունները: Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին:
Նիդեռլանդներում բնակվում է մոտ 400 հազար թուրք:
Ավելի վաղ Ավստրիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի իշխանությունները արգելել էին թուրք պաշտոնատար անձանց ելույթ ունենալ իրենց երկրներում բնակվող նրանց հայրենակիցների առջեւ:
Շաբաթ օրը Նիդեռլանդների ոստիկանությունը Ֆաթիմա Քայեին թույլ չի տվել մտնել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության շենք:
CNN Turk-ը հայտնել է, որ թուրք նախարարի ավտոշարասյունը արգելափակվել է Գերմանիայի սահմանին, որտեղից նախարարը մտադիր էր Նիդեռլանդներ ուղեւորվել:
Սակայն հոլանդական NOS News գործակալությունը տեսանյութ է ցուցադրել, որտեղ արդեն Ռոտերդամի տարածքում Նիդեռլանդների ոստիկանությունը թուրք նախարարին թույլ չի տալիս մտնել հյուպատոսություն:
Քայեն Նիդեռլանդներ կատարելիք ուղեւորության մասին հայտարարել է, երբ շաբաթ օրը Հոլանդիայի իշխանությունները Թուրքիայի ԱԳ նախարարի օդանավին վայրէջք կատարելու թույլտվություն չեն տվել, որը մտադիր էր մասնակցել Ռոտերդամում թուրք համայնքի հանրահավաքին:
Շաբաթ ուշ երեկոյան Ֆաթիմա Քայեն իր «Թվիթերում» գրել է, որ ստիպված էր Հոլանդիայից Գերմանիա գնալ:



























