Անհայտ անձը Թուրքիայի դրոշը բարձրացրել է Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության շենքի վրա, երբ հոլանդական դրոշն իջեցվել է երկու երկրների իջեւ լարվածության ֆոնին, հայտնում է Hurriyet-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ հոլանդական դրոշը կրկին բարձրացվել է 30 րոպե հետո: Թուրքական աղբյուրների համաձայն՝ դրոշը բարձրացնելու նախաձեռնությունը պատկանում է հյուպատոսությանը, քանի որ անվտանգության խիստ միջոցառումները հաշվի առնելով՝ բողոքողներից ոչ մեկը չէր կարող շենք թափանցել:
Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է մարտի 11-ի երեկոյից: Նշվում է, որ շենքը շրջապատված է ոստիկանական ուժերի կողմից:
Երկու երկրների միջեւ լարվածությունը խորացել է, երբ Հոլանդիայի կառավարությունը թույլ չի տվել իր տարածքում վայրէջք կատարել Թուրքիայի ԱԳ նախարարի օդանավը: Ավելին՝ Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարին, որը Ռոտերդամ էր ժամանել սահմանադրական հանրաքվեի քարոզչություն անցկացնելու համար, իշխանությունները երկրից արտաքսել են:



























