«Սարդարապատ» շարժումը հայտարարություն  տարածել, որտեղ անդրադարձել է Վրաստանում հայերի նկատմամբ վերաբերմունքին, նշելով, որ դա համահունչ է ՀՀ իշխանությունների վարած «պարտվողական  եւ ամորֆ» քաղաքականությանը:

Բանն այն է, որ Վրաստանի սահմանապահ իշխանությունները թույլ չեն տվել ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին մտնել Վրաստան եւ երկար ժամանակ սպասեցրել են: Փոխնախարարը մեկնում էր Վրաստան մասնակցելու Ջավախքի Ախալքալաք շրջանում եւ քաղաքում «Ոսկե աշունի» շրջանակում անցկացվող մշակութային միջոցառումներին:

Քարամյանի այցելության կապակցությամբ Վրաստանի պատկան մարմինները դիվանագիտական պատշաճ իրազեկում էին ստացել։ Նշված օրը Բավրայի սահմանային անցակետում վրացական կողմի աշխատակիցները Արսեն Քարամյանին թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքով եւ երկար ժամանակ տեղում սպասեցրել են:

Որոշ ժամանակ անց Թբիլիսիից ժամանած հատուկ ավտոշարասյունը իր մեջ ներառելով փոխնախարարի ավտոմեքենան շարժվել է Թբիլիսի, արգելելով փոխնախարարի մուտքը Ախալքալաք: Արդյունքում Արսեն Քարամյանը մի քանի օր Թբիլիսիում մնալուց հետո Բագրատաշենի սահմանային անցակետով վերադառնում է Հայաստան:

«Վրաստանի իշխանությունների նման պահվածքի վերաբերյալ ՀՀ իշխանությունները մինչ օրս հրապարակային որեւիցե կեցվածք չեն դրսեւորել, պահպանելով քար լռություն տեղի ունեցածի մասին, ինչը մեկ անգամ եւս խոսում է Վրաստանի իշխանությունների կողմից Հայաստանի ու հայերի նկատմամբ ցուցաբերվող ակնհայտ արհամարհական եւ նվաստացուցիչ դրսեւորման մասին»,- ասված է «Սարդարապատի» հայտարարության մեջ: