Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները դեռեւս չեն հանդիպել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Նա, ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ԱԺ պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը, նոյեմբերի 11-ի գիշերը քնած ժամանակ հարձակման է ենթարկվել դիմակավորված երկու անձանց կողմից: Դեպքի մասին պատգամավորին հայտնել էին Փաշինյանի հարազատները:

NEWS.am-ի հարցին, թե ՄԻՊ-ի աշխատակիցները հանդիպե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ, ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ չեն հանդիպել, սակայն ՔԿՀ-ից տեղեկացել են, որ ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել եւ Փաշինյանը ֆիզիկական բռնության չի ենթարկվել:  

Հատկանշական է, որ ՄԻՊ գրասենյակը դեպքի մասին տեղեկացել է գիշերը ժամը 4:00-ին: Օմբուդսմենի գրսենյակը շարունակում է կապի մեջ լինել «Կոշ»-ի վարչակազմի հետ՝ տեղեկանալու նախաքննության ընթացքի մասին:

Նշենք, որ դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը՝ հերքելով, որ Նիկոլ Փաշինյանի վրա ընդհանրապես հարձակում է եղել: Ըստ հաղորդագրության՝ քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, իսկ Փաշինյանի հետ նույն խցու գտնվող դատապարտյալները բացատրություն են տվել այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել: Ոմանք էլ կարծիք են հայտնել, թե  «հավանաբար դա Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է»: